Մարտի 9-ից 18-ը «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ «ԱԹՍ-երի գործածությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում» երկօրյա վերապատրաստումների շարքը: Վերապատրաստումները կազմակերպվել են «Բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ` Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ՄԱԶԾ-ՌԴՄՀ ծրագրի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» (ՇՄՆ ՀՄԿ) հետ համագործակցությամբ։
Վերապատրաստումների ընթացքում մասնակիցները ծանոթացան ԱԹՍ-երի զարգացման պատմությանն ու առկա միտումներին, ներկայումս քարտեզագրական աշխատանքներում ԱԹՍ-երի գործածությանը, դրանց միջոցով ստացված տվյալների մշակմանն ու կիրառությանը, ինչպես նաև հիդրոլոգիական վերլուծություններում, մասնավորապես՝ գետերում, լճերում, ջրամբարներում ջրի մակարդակի փոփոխությունների, ջրհեղեղների մոնիթորինգի և վաղ ազդարարման, ձնածածկույթի, հողի խոնավության մոնիթորինգի, ջրային հաշվեկշռի կազմման և այլ նպատակներով ԱԹՍ-երի միջոցով ստացվող տվյալների կիրառության ձևերին: Մասնակցիներին ներկայացվեցին նաև դաշտային պայմաններում ԱԹՍ-երի թռիչքների պլանավորման գործընթացն ու պարտադիր չափորոշիչները, ԱԹՍ-երի կառավարման ու թռիչքների պլանավորման լայնորեն կիրառվող ծրագրային ապահովումները, ինչպես նաև «Mavic 2 Pro» սարքի տեխնիկական բնութագիրն ու հնարավորությունները: Տեսական գտելիքներից բացի մասնակիցները հնարավորություն ունեցան իրականացնել ԱԹՍ-երի անհատական թռիչքներ դաշտային պայմաններում և «DJI FLIGHT SIMULATOR» ծրագրային ապահովման միջոցով, ինչպես նաև համապատասխան համակարգչային ծրագրերի միջոցով կատարել վերլուծական և քարտեզագրական աշխատանքներ դաշտային պայմաններում իրականացված թռիչքների ընթացքում ստացված տվյալների մշակման միջոցով: Վերապատրաստումների ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:
ԱԹՍ-երի կիրառությունը և ստացված մասնագիտական հմտությունները թույլ կտան լրացնել հիդրոլոգիական և օդերևութաբանական, ինչպես նաև դժվարամատչելի անտառածածակ վայրերում մշտադիտարկման աշխատանքների իրականացման, սելավային հոսքերի ռիսկերի կառավարման, անհրաժեշտ տարածքների քարտեզագրման կամ բուսականության վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման աշխատանքներում առկա բացերը:
Վերապատրաստումներին մասնակցեց ՇՄՆ ՀՄԿ-ի Կիրառական կլիմատոլոգիայի, Կլիմայի ուսումնասիրության և մոնիթորինգի, Հիդրոօդերևութաբանության ուսումնասիրությունների և մոնիթորինգի, Հիդրոգրաֆիայի, Հիդրոմորֆոլոգիայի և մոնիթորինգի, Ագրոօդերութաբանության, Անտառային մոնիթորինգի բաժինների, ինչպես նաև «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոնի», Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Ագրարային համալսարանի 59 մասնագետ:
Միջոցառման օրակարգին և ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ: